Անցյալ տարի Հայաստան շուրջ 2400 զբոսաշրջիկ է այցելել Շվեյցարիայից: Այս մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գրասերը:

Նրա խոսքով, դա աստղաբաշխական թիվ չէ, սակայն աճի միտում ունի: «Խոսքը զանգվածային տուրիզմի մասին չէ, ինչպես, օրինակ, Թայլանդի կամ Կարիբյան ծովի պարագայում, բայց դրանք լավ տեղեկացված եւ պատրաստված զբոսաշրջիկներ են: Նրանք հստակ գիտեն, թե ուր եւ ինչու են գնում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիր, մշակութային հսկայական ժառանգություն ունի:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն իր հերթին նշեց, որ աճել է Հայաստան այցելող այն զբոսաշրջիկների թիվը, որոնք որեւէ կապ չունեն այս երկրի հետ, մինչդեռ նախկինում ժամանում էին միայն հայկական արմատներ ունեցողները: