Հասարակությունը հոգատար չէ  հուշարձանների նկատմամբ և ոչինչ չի անում դրանք պահպանելու համար, այնինչ հենց հասարակությունը պետք է կարողանա գնահատել մեր  ազգի արժեքներն ու իր վարքով իշխանություններին ստիպել խնամել դրանք։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողներին ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

 «Քաղաքում և քաղաքից դուրս գտնվող հուշարձաններն այժմ կեղտոտ և անմխիթար վիճակում են, և դա մեր  հասարակության անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն է։ Պետք է հոգատարություն ցուցաբենք մեր արժեքների նկատմամբ, որպեսզի իշխանություններն էլ պատասխանատվություն զգան ու խնամեն դրանք։ Եթե հասարակությունը հոգատար չէ, ապա պահակներ կանգնեցնելն ու տեսախցիկներ տեղադրելն էլ չի օգնի»,-ասաց Մինասյանը։

Մկրտիչ Մինասյանը  նշեց, որ չնայած Կոտայքի մարզում գտնվող Չարենցի կամարը գտնվում է բանուկ ճանապարհի վրա, բայց շատ վատ վիճակում է։ Նրա խոսքով՝ ինչքան էլ իշխանությունները փորձեն հսկել ու խնամված վիճակում պահել այն, եթե չկա հասարակության հոգատարությունը, ոչինչ էլ չի օգնի:

«Թվում է, թե պետք է շատ խնամված ու լավ վիճակում լիներ, սակայն հակառակ պատկերն ունենք։  Միջոցառման կազմակերպման  ժամանակ արձանի շրջակայքը մաքրում ու խնամում են,  բայց մեկ շաբաթ անց այն նորից նույն կարգավիճակում է հայտնվում՝ հասարակության անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով»,-նշեց Մինասյանը։