Հայ ազգային ինստիտուտը (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանը (AGMA) եւ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարել են թվով 4-րդ` «Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» թվային ցուցահանդեսի մեկնարկը: Վերջինս համախմբում է միասնական հավաքածուի հիմնական պատկերները, որոնք արձանագրում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքը եւ նրանց պատմական համայնքների լիակատար ոչնչացումը: Ցուցահանդեսը նախատեսված է ծառայելու որպես դյուրամատչելի կրթական գործիք, որը կարող է ցուցադրվել լսարանում թվային կամ տպագիր ձեւաչափով:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ անգին լուսանկարներ են ոչնչացվել պատերազմի տարիներին եւ այն, ինչ այսօր մնացել է, ցրված է ամբողջ մայրցամաքներով: Հաշվի առնելով, թե ինչքան լուսանկարներ են կորել, սրանք նույնպես վերապրածների շարքում են. նրանք սպասում էին հարմար պահի՝ վկայելու ականատես եղած իրադարձությունների մասին:
Այժմ այս ցրված նկարները հավաքվում են պատմողական ցուցահանդեսում, որը վերականգնում է Հայոց Ցեղասպանության բազմաթիվ դրվագներ: Դրանք միասին վերստեղծում են երիտթուրքերի վարչակարգի կողմից իրականացրած ահաբեկչության զգացումը եւ բացահայտում ունեցվածքի զրկման չափն ու հայ ժողովրդի` իր պատմական հայրենիքում ոչնչացումը:
Լուսանկարները հավաքվել են բազմաթիվ պահոցներից, աղբույրներից եւ անհատներից, ներառյալ` Միացյալ Նահանգների Ազգային արխիվները, Կոնգրեսի գրադարանը, Մերձավոր Արեւելք հիմնադրամը, Օբերլին քոլեջի արխիվը, Մինեսոտա համալսարանի գրադարանը, Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրենզո) Հայագիտական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀԲԸՄ Նուբարյան գրադարանը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայազգային ինստիտուտի հավաքածուները, Մաուրիս Քելեչյանը, եւ «Նեյշնըլ Ջեոգրաֆիկ» հանդեսի լուսանկարիչ Ալեքսանդրա Ավագյանը:
«Ցուցահանդեսը ստեղծում է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքի համայնապատկերային տեսարանը: Ցեղասպանության այն բոլոր արտահայտումները, որոնք լուսանկարչական արձանագրությունը ցուցադրում է, քայլ առ քայլ ընդգրկում են տեղահանությունները, մահապատիժները, կոտորածները, սպանությունները, սովը, ոչնչացումն ու ավերումը»,-հաղորդեց Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:
Շարունակելով իր խոսքը` Ռուբեն Ադալյանը նշեց. ««Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» ցուցահանդեսը` բոլոր 100 խորհրդանշական պատկերների եւ քարտեզի հետ միասին, ցույց է տալիս երիտթուրքերի` հայ ժողովրդին ոչնչացնելու ծրագրի մասշտաբը, միաժամանակ վերականգնելով կոտորածի, տեղահանության բազմաթիվ արտահայտումներն ու հարատեւ հետեւանքները, եւ հայերի աքսորը»:
Նա նաեւ ավելացրեց. «Հավաքելով եւ դասակարգելով այս հիմնական լուսանկարները` վերականգնվում է Հայոց ցեղասպանության համապարփակ պատկերը, որը դասավանդողներին կծառայի որպես մարդու իրավունքների եւ նրանց` մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության տեսքով կիրառված բռնության հետեւանքների ուսուցման կառուցողական ուղեցույց»:
Հայ ազգային ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանը հայտարարեց. «Ցուցահանդեսը ստեղծվել է պատվելու Միացյալ Նահանգների դիվանագիտության ծառայության այն օրինակելի գործիչներին, որոնց բարեխիղճ զեկույցները հանդիսանում են Հայոց ցեղասպանության սարսափելի իրադարձությունների մշտական վկայությունը: Նրանց թվում են` Հալեպում ԱՄՆ հյուպատոս Ջես Ջեքսոնը, Խարբերդում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեւիսը, եւ Կ. Պոլիսում գլխավոր հյուպատոս Գաբրիել Ռավնդալը, գործերի հավատարմատար Ֆիլիպ Հոֆմանը, դեսապաններ Աբրահամ Էլկուսը եւ Հենրի Մորգենթաուն»:
«Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» ցուցահանդեսը օնլայն ցուցադրությունների թվով 4-րդն է, որը համատեղ ստեղծվել է Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանի (AGMA) եւ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կողմից եւ անվճար է՝ ամբողջ աշխարհում տարածելու համար:
1997թ. հիմնված` Հայ ազգային ինստիտուտը Վաշինգտոնում տեղակայված կրթական բարեգործական կազմակերպություն է, եւ կոչված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու ճանաչմանը: Հայ ազգային ինստիտուտը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:




























