Ոչ ոք չի մտածում Հայոց ցեղասպանությունը պատմության նմանատիպ հանցագործություններից վեր դասել։ Դա անիմաստ կլիներ։ Այդ մասին մարտի 24-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ «Մենք ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված միջազգային ճանաչման համար հետեւողական պայքար ենք մղելու բոլոր բարեկամ ազգերի հետ միասին»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Առաջիկայում պլանավորվում է համանման փաստաթուղթ ընդունել եզդիների ցեղասպանության մասին։ Այսօր խորհրդարանում քննարկվել է հիշատակի օրերի ցուցակում փոփոխություններ մտցնելու հարցը։ Դեկտեմբերի 9-ը առաջարկել են ընդունել որպես մարդկության պատմության մեջ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։





























