Հայաստանի պետական ապարատում անգրագիտությունն ու բառադիությունը նորմա է դարձել։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ փետրվարյան իրադարձությունները երկրում նոր իրավիճակ են ստեղծել։ Հասարակությունը ապատիայի մեջ է հայտնվել, իսկ քաղաքական գործընթացները ամորֆ են դարձել։

«Իսկ փետրվարից հետո վերացե՞լ է 40 տոկոս աղքատությունը, ճգնաժամային չափերի արտագաղթը, գործազրկությունը, անօրինություն ու պետական ապարատում բառադիությունը։

Մայրաքաղաքում պոկված վերելակի պատմությունը ցնցեց ողջ երկիրը։ Կարո՞ղ է 21-րդ դարում Հայաստանում վերելակ պոկվի, եւ մարդ մահանա, ինչ է թե ինչ-որ պաշտոնյա մի քանի կոպեկ փող է յուրացրել իրեն ու իր բարեկամներին հարստացնելու համար։ Դա բնակելի տների կառավարման ոլորտում։ Իսկ նույն բանը չէ՞ մարզերի, քաղաքների եւ ողջ երկրի դեպքում։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորը սթափվեն, եւ ոչ ոք իրեն ամենաթողության մթնոլորտում չզգա»,- հայտարարել է Ուրիխանյանը։