Հայաստանի խորհրդարանի խորհրդականների նոր ապարատը հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում  հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեկնաբանելով «Ազգային Ժողովի կանոնակարգի» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով՝ բյուջետային բյուրո անունը կրող այս խմբի կարգավիճակը շատ  հակասական է։ Դա ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր մարմին է, թեեւ պետք է օգնի պատգամավորներին եւ դրա դիմաց աշխատավարձ ստանա։

«Ոմանք ասում են, թե մենք ուրիշ նման մարմիններ էլ ունենք, օրինակ,  Տնտեսական մրցակցության աջակցության պետական հանձնաժողովը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն դրանք ամրագրված են Սահմանադրությամբ, ի տարբերություն ձեր այս բյուջետային բյուրոյից»,- նշել է պատգամավորը։

Բյուրոյի լիազորությունների մեջ է մտնում Վերահսկիչ պալատի հաշվետվության վերլուծության ժամանակ պատգամավորներին օգնելը։

«Եթե իշխանության պատգամավորները տարաձայնություններ են ունենում Վերահսկիչ պալատի հետ, ապա դրա կապակցությամբ օրենք ընդունել պետք չէ։ Մարմիններ սարքելով ո՞նց կլինի: Դուք գնում եք նպատակահարմարության ճանապարհով, ոչ թե օրինականության:

Ես հասկանում եմ, պալատի նախագահը փախած էր,  կորել էր, ուր էր։ Եթե չեք վստահում, հանե՛ք նրան եւ վերջ»,- հավելեց պատգամավորը։