Հայ ժողովրդական արտիստ, մարտի 22-ին մահացած Կարեն Ջանիբեկյանը ընկերներին հաճախ ասել է, որ 89 տարեկանում է մահանալու: Այս մասին NEWS.am-ին ասաց դերասանի ընկեր, դերասան Տիգրան Ներսիսյանը:
«Կարեն Ջանիբեկյանը մարդ էր, որն իր կյանքը նվիրեց արվեստին, թատրոնին, կինոյին, իր հանդիսատեսին: Ազնիվ էր ինքն իր ու հանդիսատեսի նկատմամբ, կյանքում էլ էր ազնիվ: Կարող էր ասել այո ես սխալ եմ, կարող էր զիջել: Ինքը միշտ ասում էր՝ 89 տարի պետք է ապրեմ»,- ասաց Տիգրան Ներսիսյանը:
Տիգրան Ներսիսյանը հիշեց, որ վերջին անգամ մահվանից երկու օր առաջ է հեռախոսով խոսել Կարեն Ջանիբեկյանի հետ, սակայն զրույցը կարճ է տեւել, քանի որ դերասանն իրեն լավ չի զգացել:
«Երբ ես զանգեցի, ինքն արդեն շատ վատ էր: Իսկ մինչ այդ ես երեք-չորս օրը մեկ զանգում էի իրեն, խոսում էինք բավականին երկար: Ինքը լավատես էր, ամեն վայրկյան պայքարում էր, ասում էր՝ ես չեմ զիջելու»,- ասաց Տիգրան Ներսիսյանը:
Նշենք, որ դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 25-ին: Նրան վերջին հրաժեշտ կտան հարազատ թատրոնում:
Նշենք, որ Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























