ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը  եւ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկուհի  Գեւորգյանն այսօր ստորագրել են հուշագիր եւ համաձայնագիր Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր  ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Կարեւորելով Պետական կառավարման ակադեմիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ այսօր պետական համակարգում կա որակյալ մասնագետների պահանջ: «Մենք փորձում ենք, ԲՈՒՀ-երի հետ սերտ համագործակցություն ստեղծելով, լուծել պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների խնդիրը»,- նշել է նախարարը:  Կրթություն ստանալուց  հետո պետական մարմնում աշխատանքի անցնելու տեսանկյունից,  նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում կարեւորել է  ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպումը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների տիրապետումը: Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն իր հերթին վստահեցրեց, որ այս համագործակցությունը կծառայի իր նպատակին եւ կնպաստի որակյալ մասնագետների պատրաստմանը:

Հուշագրի շրջանակներում Զբաղվածության պետական գործակալությունը աջակցելու է Ակադեմիայի ուսանողների եւ շրջանավարտների զբաղվածության ապահովմանն ուղղված համագործակցության ծրագրերի եւ համատեղ նախագծերի իրականացմանը: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը համաձայնագրի շրջանակներում ուսանողներին  աջակցելու է  մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի պլանավորման գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Ստորագրման արարողությունից հետո նախարար Արտեմ Ասատրյանը բաց դաս  է անցկացրել Պետական կառավարման ակադեմիայի ուսանողների համար, որի ընթացքում ներկայացրել է  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել կենսաթոշակային էլեկտրոնային տեղեկատվական, բազմաստիճան կենսաթոշակային, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգերի ներդրման եւ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման մասին: Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղել են նախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը եւ ընտանեկան նպաստի նշանակման գործընթացում առկա խնդիրներին: