Հայաստանից Վրաստանի էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարության նախագծի ֆինանսավորումն ապրիլի 1-ից կվերսկսվի: Այս մասին մարտի 25-ին հայտարարեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Կովկաս 1 էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ընթացքը:

Նա նաեւ հավելեց, որ շինարարության շրջանակում արդեն հողային աշխատանքներ են սկսվել: Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2 տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Կովկաս 1 էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը մեկուսացվածից կփոխանցի զուգահեռաբար ոչ սինխրոն ռեժիմի եւ կթեթեւացնի էլեկտրաէներգիայի հոսքերը: Այդ նպատակով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 400 ԿՎտ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի: Ներկայում երկրներին 3 գիծ է միացնում. մեկ 220 ԿՎտ եւ երկու 110 ԿՎտ հզորությամբ:

Շինարարության առաջին փուլի ընդհանուր ծավալը կազմում է 105 մլն եվրո (ընդհանուր առմամբ, ծրագիրը 320 մլն է գնահատվում): 2014 թվականի դեկտեմբերին գերմանական KfW բանկի հետ 85.2 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր է ստորագրվել: «Մնացած 20 մլն եվրոն մեզ հաջողվեց այսօր ներգրավել, այդ թվում 10 մլն եվրոն՝ մեղմ վարկի տեսքով Եվրոպական ներդրումային բանկից եւ 10 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով Եվրամիությունից»,- նշեց նախարարը: Վարկային միջոցները տրամադրվել են 20 տարով, տարեկան 2% տոկոսադրույքով: