Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Արտաշատ-Քաջարան հատվածն արդեն նախագծվում է: Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ աշխատանքներն իրականացվում են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Նա հիշեցրեց, որ ծրագրի արդյունքում ճանապարհի երկարությունը զգալիորեն կկրճատվի՝ 304-ից հասնելով 250 կմ-ի: Իհարկե, նոր նախագիծը բավական բարդ է լինելու եւ մի քանի թունել է ներառելու: Քաջարան-Ագարակ հատվածում՝ Իրանի հետ սահմանին, նույնպես թունել կկառուցվի, իսկ ճանապարհի երկարությունը 50-ից կհասնի 42 կմ-ի:

«Մենք կթողնենք նաեւ հին ճանապարհը: Նորը դրա այլընտրանքը կդառնա»,- պարզաբանեց Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ ներկայում շինարարություն է իրականացվում Աշտարակ-Թալին հատվածում, Երեւանից շուրջ 30 կմ հեռավորությամբ:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արեւելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:  Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլար է:

Նախապես ծրագիրը մտածվել է որպես ազգային: Սակայն այն հյուսիսից եւ հարավից զարգացնել պատրաստվում են Վրաստանի եւ Իրանի կառավարությունները: