Ինժեներ-ծրագրավորողների համաշխարհային չբավարարված պահանջարկը 2018թ. հասնելու է 3 միլիոնի, որն էլ Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման մեծ հնարավորություն է: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողներին ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Աշխարհում ինժեներ- ծրագրավորողների պահանջարկը գնալով աճում է: Սա մեր երկրի համար մեծ շանս է, և եթե մենք կարողանանք մեծ թվով ինժեներ ծրագրավորող մասնագետներ ունենալ, ապա Հայաստանում կկարողանանք ստեղծել մեծ թվով նոր աշխատատեղեր»,-ասաց Վարդանյանը։

Կարեն Վարդանյանի կարծիքով՝ ինժեներ- ծրագրավորող մասնագետներ կարելի է կրթել Հայաստանի դպրոցներում, քանի որ դպրոցներն ավելի ճկուն կառույցներ են:

«Մենք դպրոցների հետ սկսել ենք աշխատել 2011թ. ՝ ստեղծելով առաջին ռոբոտաշինության խմբակները: Եվ 2013թ. Հայաստանի շրջանների 54 դրոցներում կարողացանք այդպիսի խմբակներ ստեղծել, որտեղ սովորում է 700 երեխա»,-ասաց Վարդանյանը։

Կարեն Վարդանյանը նշեց, որ ինժեներ-ծրագրավորող մասնագետներ կրթելու համար անհրաժեշտ ծրագիրն իրենք արդեն կազմել ու կառավարությանն են ներկայացրել, սակայն դեռ պատասխան չկա։

«Ծրագիրը կազմված է 3 կետերից. առաջին մասը կոչվում է «Մեկ ընկերություն, մեկ դպրոց» : Տեխնոլոգիական ընկերություններին առաջարկելու ենք, որպեսզի ամեն մեկը զբաղվի մեկ դպրոցով, հետևի, թե այդ դպրոցի ռոբոտաշինության խմբակների երեխաներն ինչով են զբաղվում և այլն»,-ասաց Վարդանյանը։

ԻՏՁՄ տնօրենն ասաց, որ ծրագրի երկրորդ մասը Հայաստանի դպրոցներին ինժեներական լաբորատորիաներով ապահովելն է, որտեղ երեխաները կկարողանան զբաղվել, սովորել նոր ծրագրեր և այլն։

«Ամենակարևորը ծրագրի երրորդ մասն է՝ աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի երբ երեխան ավարտի, կարողանա աշխատել Հայաստանի մարզերում գտնվող տեխնոլոգիական ընկերություններում։  Այս ծրագրի կարևոր խնդիրն այն է, որպեսզի այդ աշխատատեղերը ստեղծվեն Հանրապետության մարզերում, ոչ թե կենտրոնանան Երևանում»,-ասաց Կարեն Վարդանյանը: