Երեկ երեկոյան հեռուստաընկերություններից մի քանիսին տված հարցազրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ շուտով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի ձվի շուկայում ուսումնասիրությունների արդյունքները։

Վարչապետի կարծիքով՝ այդ շուկայում աժիոտաժային վիճակը պայմանավորված էր նրանով, որ 2010 թ. ձվի արտադրությունը կտրուկ աճել է, որն էլ հանգեցրել է այդ ոլորտում մրցակցության կտրուկ աճին։ Սակայն Տ. Սարգսյանը չհաստատեց թռչնաբուծական ընկերությունների կլանման մասին տեղեկությունները՝ ասելով, որ այդ լուրերը հետեւանք են շուկայում տիրող խուճապի։

«Հարկավոր է հետեւել, որ շուկայում լինի ազնիվ եւ արդար մրցակցություն, որպեսզի գերշահույթներ չառաջանան, որն արդեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասության մեջ է մտնում»,- ասաց Տ. Սարգսյանը։