Պարբերականն անդրադարձել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի` «Washigton Post»-ում տպագրված հոդվածին: Դիվանագետն իր մտորումներում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությանը եւ վերջում ամփոփել, որ ՍՄՆ-ը «պետք է վճռական ընտրություն կատարի ուժի կիրառմամբ հաստատված փխրուն ստատուս-քվոյի եւ ապագա ինտեգրացիայի ու բարեկեցության միջեւ»:
Սուլեյմանովն, ընդսմին, տարածաշրջանի գերխնդիր համարել է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը եւ հիշեցրել 2008 թ. դեպքերը Վրաստանում: «Սուլեյմանովին կարելի է հասկանալ: Չէ՞ որ հասնելով հրադադարի պայմանավորվածության, Ադրբեջանն շտապեց կնքել «դարի գործարքը» եւ իր էներգետիկ պաշարները հիմնականում ի սպաս դրեց արեւմտյան ընկերությունների շահերին` հետապնդելով մի նպատակ` Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցություն ստանալ Միացյալ Նահանգներից եւ խնդիրը կարգավորել բացառապես իր օգտին: Անցել է տասնվեց տարի, բայց հարցը ոչ միայն չի լուծված, այլեւ, դատելով վերջին զարգացումներից, ոչ ոք, այդ թվում եւ`ԱՄՆ-ը, չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին: Հակառակը, միջնորդները խորհուրդ են տալիս չտրվել ավելորդ գայթակղությունների, նպատակադրվել ծանր դիվանագիտական աշխատանքի եւ գտնել բոլորին բավարարող լուծում:
Այս իրավիճակում, բնականաբար, ադրբեջանական հանրությունն իրավունք ունի կասկածելու «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի «հեռատեսությանը», իսկ դա հղի է իշխող խավի հանդեպ անվստահության դրսեւորումներով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ողջ պետական համակարգը կառուցված է Հեյդար Ալիեւի «անսխալականության կանխավարկածի» վրա, ինչը Իլհամ Ալիեւի քաղաքական միակ ռեսուրսն է»,- գրում է թերթը:




























