Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի հրշեջ պահպանության դեպարտամենտը շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպեսզի օգնի հեռավոր գյուղերից հիվանդներին քաղաքային հիվանդանոցներ հասցնել։ Այս մասին հաղորդում է տեղի «Glendale News-Press» թերթը։

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի խոսքով՝ հրշեջ պահպանության դեպարտամենտի ղեկավարությունը Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտն ստացել է դեկտեմբերին։ Դրանից քիչ անց Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենան Հայաստանին նվիրելու որոշմանը։ Մեքենան Գլենդելում օգտագործվել է 12 տարի։

«Հույս ունենանք, որ այդ մեքենան կշարունակի կյանքեր փրկել, դա է մեր նպատակը»,-ասել է Գլեդելի հրշեջ պահպանության դեպարտամենտի պետ Գրեգ Ֆիշը։