Շոտլանդացի նկարիչ-նկարազարդող Ջոաննա Բասֆորդի՝ մեծահասակների համար ներկելու գրքերն Amazon.com առցանց-խանությում վաճառքի առաջատարն են: Ընկերությունն արդեն բույսերի եւ կենդանիների պատկերներով Secret Garden եւ Enchanted Forest գրքերի ավելի քան 1.4 մլն օրինակ է վաճառել:

Հրատարակության հաջողությունը մասամբ ապահովել են շոու-բիզնեսի աստղերի՝ սոցիալական ցանցերում արված գրառումները: Օրինակ՝ Facebook-ում եւ Instagram-ում տպավորություններն են կիսել ամերիկյան դերասանուհի Զոուի Դեշանելը եւ հարավկորեական փոփ կատարող Կիմ Կի-Բումը:

Lenta.ru-ն, վկայակոչելով The Guardian-ին, գրել է, որ Ջոաննա Բասֆորդի սեւ-սպիտակ Secret Garden գիրքն առաջին անգամ հրապարակվել է 2014 թվականին եւ արդեն թարգմանվել է 14 լեզուներով: Իսկ Enchanted Forest-ը թողարկվել է 2015 թվականին:

Գրքերի առանձնահատկությունը բազմաթիվ մանրուքներով եւ թաքնված օբյեկտներով բարդ նկարներն են: