Բոլոր կողմերի ջանքերի, միմյանց հարգելու դեպքում (այդ թվում՝ միմյանց ինքնիշխանությունը) Եվրասիական տնտեսական միությունն օգտակար կլինի բոլորի համար: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կարծիք» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի համար ԵՏՄ-ում լավ հեռանկարներ են բացվում: Հակառակ դեպքում, եվրասիական նիտեգրման որոշումը հասկանալի չէր լինի: 170 միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ դառնալը մեծ առավելություն է Հայաստանի նման փոքր երկրի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել: Ցանկացած այլ պարագաներում դժվարություններն ավելի շատ կլինեին»,- հավելել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անդամակցեր ԵՏՄ-ին, թե՝ ոչ, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների փոխադարձ կապը միշտ կմնար: Այդ պատճառով ռուսական տնտեսության խնդիրները չէին կարող այստեղ չհասնել:

Ըստ նախագահի, գոյություն ունի 3 գործոն, որոնք չի կարելի հաշվի չառնել: Նախ՝ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների հիմնական արտահանումը բաժին է հասնում ԵՏՄ շուկային եւ, առաջին հերթին, ռուսականին: Եթե ռուբլու արժեզրկման հետեւանքով խնդիրներ են առաջացել Ռուսաստանի քաղաքացիների գնողունակության հարցում, դա խնդիրներ է հարուցում նաեւ հայկական ապրանք արտադրողների համար:

Երկրորդ՝ Ռուսաստանում աշխատող հայերը մեծածավալ դրամական փոխանցումներ են ուղարկում իրենց հարազատներին եւ մտերիմներին: Եթե փոխանցումների բացարձակ ծավալներն այնքան էլ չեն փոխվել, ապա արժութային արտահայտությամբ գրեթե կրկնակի նվազել են:

Եվ երրորդ, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից է: Եթե այնտեղ խնդիրներ կան, դրանք նաեւ Հայաստանում են առաջանում:

Նկատառմանը, որ Հայաստանը, պայմաններ ստեղծելով ձեռներեցների համար, բարելավելով ներդրումային մթնոլորտը, կարող է գրավել ռուսական փոքր եւ միջին բիզնեսին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ հայկական կողմն աշխատում է այդ ուղղությամբ, առավել եւս՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմը:

Նա նաեւ նշել է, որ վերջերս Չինաստան կատարած իր այցի ընթացքում չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի միջոցով ԵՄ եւ ԵՏՄ շուկաներ դուրս գալու հնարավորության առիթով: Շատ ընկերությունները շահագրգռված են Մետաքսե ուղու երկայնքով տնտեսական գոտու ստեղծմամբ: «Այդ պատճառով ուրախությամբ ռուսական ներդրողներին հրավիրում եմ մասնակցել այդ գործընթացներին»,- նշել է նախագահը՝ հիշեցնելով, որ ներկայում Հայաստանում ռուսական կապիտալով շուրջ 1300 ընկերություններ կան: