Հայկական կողմը վստահ է, որ այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 6 հայտարարություններում, ինչպես նաեւ փաստաթղթում, որի հիման վրա ավելի քան 7 տարի բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ, ընդունելի հիմք են ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կարծիք» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նախագահը հիշեցրել է, որ համանախագահների փոխզիջումային կարծիքն այն է, որ սկզբունքներն ու տարրերը մեկ միասնություն են կազմում: «Մենք կիսում ենք համանախագահների կարծիքն այն մասին, որ հարկավոր է ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Սակայն, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ հակառակ է վարվում: Բոլորս անցյալ տարվա ամռանից սկսված իրավիճակի սրման ականատեսը եղանք»,- հիշեցրել է նախագահը:

Այդ առիթով նա ընդգծել է, որ այդ հարցով զբաղվողները չեն կասկածում, որ իրավիճակի սրման պատճառն Ադրբեջանն է: Ի դեպ, դա չի թաքցնում նաեւ ադրբեջանական ղեկավարությունը, որի ներկայացուցիչը անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում հայտարարեց, որ լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայերը չեն վերադարձրել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները:

Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը ստիպված էր անվտանգության գոտի ստեղծել՝ հայաբնակ գյուղերի ուղղությամբ ամենօրյա գնդակոծություններից փրկվելու համար. «Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն հաշվի չի առնում այն սկզբունքներն ու տարրերը, որոնք առաջարկել են համանախագահները»:

Միաժամանակ, նախագահը նշել է, որ եթե Ադրբեջանը հերթական արկածախնդրությանը դիմի, հայերը չեն վախենա պատերազմել: «Ինչպես արեւելքում են ասում՝ պատերազմի ժամանակ փլավ չեն բաժանում: Պատերազմը կորուստներ է նշանակում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նույնպես մեծ կորուստներ են եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Հայաստանում 1 մլն 900 հազար մարդ էր բնակվում, ամբողջ ԽՍՀՄ-ում՝ ներառյալ ՀԽՍՀ-ն, 2 մլն 800 հազար: 600 հազար հայ ճակատամարտ է գնացել, 314 հազարը՝ զոհվել: Դա յուրաքանչյուր 9-րդ հայն է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը «նաեւ մեր հաղթանակն է»:

Պատասխանելով հաղթանակի 70-ամյակի տոնակատարության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ բացի Հայաստանում նախանշված միջոցառումներից, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն նաեւ Մոսկվայում անցկացվելիք շքերթին: