Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունն առաջին անգամ ազգությամբ հային պատգամավորի թեկնածու է առաջադրել։

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել պատգամավորների թեկնածուների ցուցակը։

Նախընտրական ցուցակում տեղ է գտել նաեւ ստամբուլահայ հայտնի լրագրող Մարգար Եսայանը։ Իշխող կուսակցությունը Մարգար Եսայանի թեկնածությունը ներկայացրել է Ստամբուլում։

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականին, Ստամբուլում։ Նախնական կրությունը ստացել է Մխիթարյանի կրթահամալիրում, որից հետո սովորել է Կեդրոնական վարժարանում։

1997-ից սկսել է գրել «Ակոս»-ում։ Նրա գրչին է պատկանում «Այսօրվա նեղ սենյակը» վեպը, որը 2004-ին մրցանակի է արժանացել։ Նրա հաջորդ վեպը եղել է «Հանդիպումը»։

2007-ից աշխատել է հայտնի Taraf պարբերականում, որտեղ աշխատել է որպես սյունակագիր եւ պարբերականի համակարգող։ Մի որոշ ժամանակ եղել է Taraf-ի գլխավոր խմբագիրը։  2013-ից գրում է Yenı Safak պարբերականում։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները եւս հայ թեկնածուներ են ներկայացրել։