ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 8-10-ին աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:

Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության եւ կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Ավստրիայի Հանրապետության կրթության եւ կանանց հարցերի դաշնային նախարարության միջեւ կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների եւ արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առեւտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի եւ Ավստրիայի գիտության, հետազոտությունների եւ արդյունաբերության փոխնախարար  Էլմար Փիխլի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 եւ մահվան 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում: