Ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ քաղաքական շահերը խանգարում են չարի դեմ պայքարին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իտալական խոշորագույն Rai հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՊՀ հարցերով հայտնի մեկնաբար Մարկ Իննարոյի հարցին:
«Վախենում եմ, որ ինչպես հայերի դեպքում՝, հսկայական տնտեսական ու քաղաքական շահերը խանգարում են միջազգային հանրությանը միասնական ճակատով հանդես գալ չարի դեմ պայքարում: Ինձ համար դա անընդունելի է»,-հայտարարել է ՀՀ նախագահը՝ պատասխանելով այս օրերին իսլամիստ արմատականների կողմից քրիստոնյաներին ճնշելու վերաբերյալ հարցին:
«Մտածեք, XX դարի սկզբին Մերձավոր Արեւելքում կային երկրներ, որտեղ քրիստոնյաները կազմում էին բնակչության 23-24 տոկոսը: Այսօր այնտեղ նրանք 0,2-0,3 տոկոս են կազմում»,-հավելել է Սարգսյանը:
Քրիստոնյաների հեռանալուց հետո, հաջորդ քայլը նրանց մշակութային ժառանգության ոչնչացումն է: Հետո փոխվում են հուշարձանների անուններն ու անվանումները, խեղաթյուրվում են պատմական փաստերը, եւ գալիս է պահը, երբ նույնիսկ մասնագետներն ունակ չեն լինում վերականգնել քրիստոնյաների ներկայության փաստը, նկատել է ՀՀ նախագահը:





























