Եվրոպական հանձնաժողովը գիտակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ողջ կարեւորությունը։ Այդ մասին ասել է Եվրոպական խորհրդարանի անդամ Քրիստալինա Գերգիեւան՝ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցով քննարկումների ժամանակ։

«Այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի աաջ, շարունակում է զգացվել այս դարում եւ առնչվում է Հայաստան եւ Թուրքիայի հարաբերություններին»,- հայտարարել է Քրիստալինա Գերգիեւան։

Նրա խոսքով, Եվրոպական հանձնաժողովը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը 2 մլն դոլար է հատկացրել մարդկանց միջեւ շփումների կարգավորման ծրագրերի համար։

«Ապրիլին մենք կմիանանք հայերին, կհարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անկախ բառերից, որոնք մենք կօգտագործենք, պատմական իրողության հերքումը չի կարող տեղ ունենալ։ Մենք կաշխատենք պատմությունից ճիշտ դասեր քաղելու ուղղությամբ»,- հայտարարել է Կրիստալինա Գերգիեւան։

Եվրախորհրդարանի անդամ Էլմար Բրոքը իր հերթին ընդգծել է. «Մենք չպետք է մոռանանք, որ 100 տարի առաջ շատ մարդիկ են սպանվել։ Մենք պետք է այնպես անենք, որ ցեղասպանությունները երբեք չկրկնվեն, սակայն 21-րդ դարում դա մեզ չհաջողվեց։ Մենք ականատես եղանք ցեղասպանության Ռուանդայում եւ այլ վայրերում։ Ցեղասպանության համար արդարացումներ չկան, ինչպիսին էր որ լինեն քաղաքական իրավիճակները»։