Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի՝ այսօր ընդունած բանաձեւը։

«Սա աննախադեպ եւ կարեւոր փաստաթուղթ էր, որ Եվրոպական խորհրդարանն ընդունեց։

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ եվրոպական քաղաքակրթությունը դատապարտում է Հայոց ցեղասպանության իրագործումը, նաեւ դատապարտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը»,- նշեց Շարմազանովը։

«Վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, սա արդեն յոթերորդ բանաձեւն է՝ ընդունված եվրոպական կառույցների կողմից։ Սա խոսում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքել, որ Եվրոպական խորհրդարանը ոչ միայն դատապարտում է, այլեւ կոչ անում եվրոպական երկրների խորհրդարաններին՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց. «Սա լուրջ հարված է թուրքական ժխտողականությանը, հարված շինծու, կեղծ պնդումներին։

Սա եւս մեկ փաստ է, որ 1915թ. դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով քննարկումներն ընթացել են ապրիլի 15-ին, խորհրդարանի լիագումար նիստում:

Բանաձեւը Եվրախորհրդարան է մտել Հայ դատի հանձնախմբի եւ ֆրանսիացի լիբերալ պատգամավոր Ժան Մարի Կավադայի նախաձեռնությամբ: