Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի դատարանը պարտավորեցրել է պրովայդերին փակել մուտքը Youtube.com եւ եւս 4 կայքեր, որոնք ներառում են ծայրահեղական նյութեր: Պատասխանողի փաստարկները, թե ընկերությունը պատասխանատու չէ ինտերնետ կայքերի բովանդակության համար, չեն համոզել դատավորին, եւ հայցը բավարարվել է:
Ինչպես հաղորդում է Utro-ru-ն, նման հայցով դատարան է դիմել քաղաքի դատախազը, այն բանից հետո, երբ դատախազությունը Youtube-ում հայտնաբերել է Russia for Russians վերնագիրը կրող տեսանյութը, որը ճանաչվել է որպես ծայրահեղական: Այդ տեսանյութի դիտումը սահմանափակելու համար դատախազը խնդրել է դատարանից` պարտադրել պրովայդերին արգելափակել IP հասցեներից մուտքը այդ կայք:
Իր հերթին, պրովայդերը բացատրել է, որ իրավունք չունի սահմանափակել տեղեկատվության մուտքը, եթե հաճախորդը չի խախտել ինտերնետի օգտագործման կանոնները: Այնուամենայնիվ, դատարանը որոշում է կայացրել՝ ի օգուտ դատախազության:




























