Հայ ազգային կոնգրեսում եւ «Ժառանգությունում» ընթացող քաղաքական գործընթացները անկանխատեսելի չէին, քանի որ դրանք Հայաստանի ներքաղաքական կյանքի մի մասն են: Այս մասին հուլիսի 28-ին ասուլիսում նշեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պատրաստվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, եւ կադրային փոխատեղումները այդ գործընթացի կարեւոր մասն են: Այդ քաղաքական ուժերը ձգտում են մասնակցել ընտրություններին այնպիսի կազմով, որն արտահայտում է ներկա քաղաքական իրողությունները»,- ասաց նա:
«Այն փաստը, որ Կոնգրեսը կազմված է տարբեր քաղաքական ուժերից, արդեն ենթադրում է ներքին տարաձայնություններ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ԼՂ խնդրի կարգավորմանը»,- ասաց հանրապետական պատգամավորը: Մեկնաբանելով ՀԱԿ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ նա նշեց, որ ՀԱԿ-ի ներսում առավել ազգայնական հայացքներով առանձնանում է «Հանրապետությունը»: Պատգամավորի խոսքով, ՀՀ առաջին նախագահ ու ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարի իր ելույթով վերադարձել է իր ակունքներին, որոնք նկարագրված են նրա 1997 թվականի «Պատերազմ, թե` խաղաղություն» հոդվածում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ իրենց կուսակցությունը նպատակ ունի ոչ թե հավաքել որքան հնարավոր է շատ ձայն, այլ շփման եզրեր գտնել այլ քաղաքական ուժերի հետ:




























