ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հուլիսի 27-ին ընդունել է Իտալիայի Տոսկանա նահանգի «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի ղեկավար Ֆրանկո Վակարիի ղեկավարած պատվիրակության: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Ֆրանկո Վակարին նշել է, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ ուսումը շարունակելու նպատակով: Կ. Ղազինյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերից Հայաստանից առաջին ուսանողի եւ հաջորդ տարի մեկ ուսանող նաեւ ԼՂՀ-ից ասոցիացիայի կողմից Իտալիա հրավիրելու կապակցությամբ: Նա ընդգծել է խաղաղության կարեւորությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ ներկայացրել ԼՂ հակամարտության հետ կապված մանրամասներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն հաստատել Հայաստանի Վայք եւ Իտալիայի Արեցցո քաղաքների միջեւ:
Կազմակերպությունն անցյալ տարի մայիսին Արեցցոյում կայացած միջազգային համաժողովին ընդունել էր 14 կետանոց հռչակագիր, որն էլ պաշտոնապես հանձնվել է ՀՀ ԱԳ փոխնախարարին հանդիպման ավարտին:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Վայքի քաղաքապետի հետ, քննարկումներ ունեցել ՀՀ Սփյուռքի եւ Կրթության ու գիտության նախարարություններում:

Հուլիսի 26-ին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ Ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի միջեւ, ինչպես նաեւ հանդիպում է տեղի ունեցել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: