Չարբախում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանը դեռ «Էրեբունի» հիվանդանոցում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» հիվանդանոցից:

Նա նշեց, որ Վարդան Կարապետյանը գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում, շարունակում է բուժումները ողնաշարի հետ կապված: «Երրորդմասցի Լյովիկի» ընկերը պառկած է «լյուքս» համարվող «Կոմֆորտ» բաժնի պալատում, իսկ թե երբ դուրս կգրվի, հայտնի չէ:

Նշենք. որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հաջողվել է հարցաքննել Երրորդմասցի Լյովիկի ընկերոջը` Վարդան Կարապետյանին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ի գիշերը Չարբախում կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից փոխանցել են, որ մարտի 31-ին ժ.02.45-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային վնասվածք» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը: Պարզել են, որ Վարդան Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն: