Եվրոպական երկրները Հայոց Ցեղասպանության մասին հիշելով եւ ինչ-որ քայլեր անելով՝ Թուրքիային մեկ անգամ եւս հիշեցնում են, որ նա չի կարող դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նա նշեց, որ երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր Ցեղասպանության հարցը, այդտեղ բարձրաձայնվեց այն, որ եթե Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, կփակի իր ճանապարհը Եվրամիության մեջ մտնելու: «Եվրոպական պետությունների բոլոր այդ գործողությունները, քայլերը մի մասով կարելի է դիտարկել հարգանք հայերի նկատմամբ, իսկ մյուսով՝ զգուշացում Թուրքիային, որը ցանկանում է դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ»,-ասաց ՀԱԿ անդամը:

Զոյա Թադեւոսյանը նշեց, որ սա լուրջ քաղաքական խնդիր է, եւ Թուրքիային պետք է մտածելու տեղիք տա, «որպեսզի ասեն՝ մոռացիր Եվրոպական միության մասին, պատեհ առիթներով անընդհատ հիշեցնում են Ցեղասպանությունը եւ նշում, որ դուք չեք կարող դառնալ Եվրամիության անդամ»:

Նշենք. որ ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։  Նիստին ներկա պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը։ Դրանից հետո Ավստրիայի խորհրդարանի 6 խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ ընդունել եւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։