ԱՄՆ-ն բավականին մեծ ծավալի գործողություններ է իրականացնում Մերձավոր Արեւելքում Իսլամական պետության հետ կապված եւ իրեն շատ անհրաժեշտ է Թուրքիայի գործընկերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա վստահ է, որ ինչ-որ մի պահի այդ քաղաքական շահերը երկրորդական կդառնան, ԱՄՆ Կենտրոնական իշխանությունը, ինչպես նահանգների մեծ մասը, եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:  «Եթե Հայաստանը այլ քաղաքականություն վարեր, այլ իրավիճակ կլիներ, քանի որ Իսլամական պետության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն ունի Թուրքիայի կարիքը, քաղաքական շահը ստիպում է  այլ բան անել, մի փոքր հաշվենկատ բառեր օգտագործել: Ամեն դեպքում, ԱՄՆ-ն այսօր գերտերություն է, որը պատերազամական գործողություններ է իրականցնում Մերձավոր Արեւելքում եւ կարծում եմ՝ Թուրքիայի աջակցությունը իրենց պետք է: Առանց այդ էլ, ըստ տեղեկությունների, Թուրքիան բավականին բացասական քաղաքականություն է իրականացնում եւ խնդիրներ հարուցում ոչ պաշտոնական մակարդակով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: