Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել է «ԲՄՎ»-ի վարորդը, վիճակը միջին ծանրության է, այժմ հետազոտվում է:
Մյուս 7 վիրավորներին տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա: Մեզ հայտնեցին, որ տուժածներից մեկը մինչեւ 1 տարեկան երեխա էր, ում մոտ, բարեբախատբար, որեւէ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել, նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մյուս 6 տուժածներին այժմ հետազոտում են, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ՝ ձեռքի կոտրվածք, սալջարդ, քերծվածքներ: Հետազոտությունների արդյունքների պարզվելուց հետո կորոշեն ինչ բուժում նշանակել եւ ինչպես դա կիրականացվի՝ հիվանդանոցում, թե ամբուլատոր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր՝ ապրիլի 22-ին, Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում խոշոր վթար է եղել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ «ԲՄՎ»-ն բախվել է 43 համարի երթուղայինին, կան վիրավորներ: Նախնական տեղեկություններով՝ 8 մարդու տեղափոխել են հիվանդանոց:




























