Մարալիկում հայտնաբերված երիտասարդ աղջկա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակվել է փորձաքննություն, որը կպարզի, թե ինչի հետեւանքով է մահը վրա հասել: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին հարազատները ասել են, որ աղջկա մոտ եղել է «էպիլեպսիա» հիվանդություն, բայց արդյոք դա է եղել մահվան պատճառը, թե մեկ ուրիշ բան, դեռ հայտնի չէ:
30-ամյա աղջիկը ապրում էր մոր հետ, ով ոտքերի հետ կապված հիվանդություն ունի եւ չի կարողանում տեղաշարժվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է եւ չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, իսկ ներսում գտնվող անկողնային հիվանդ մայրը չի կարողանում մոտենալ եւ բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերվել է 30-ամյա Ա. Ս.-ի դին:




























