Իտալիայի Սենատի անդամ Մաուրո Մարիոն կարծում է, որ հրեաների ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի փորձը պետք է օրինակ լինի Թուրքիայի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց Մաուրո Մարիոն, որը Սենատի 5 հոգանոց պատվիրակության կազմում Հայաստանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին:
«Գերմանիան ընդունեց, որ իրենք կոտորել էին հրեաներին, նրանք ճանաչեցին հրեաների Ցեղասպանությունը: Երկրորդ համաշխարհայինից հետո նա ընդունեց ճշմարտությունը: Գերմանիան կարող է օրինակ լինել Թուրքիայի համար: Կարծում եմ՝ դրական կողմերից մեկը այն կլինի, որ այն կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր բարեկամության»,- ասաց Մաուրո Մարիոն:
Նրա խոսքով՝ կասկած չկա, որ հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն է: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելը կարեւոր է պատմական ճշմարտության, նաեւ աշխարհի ապագայի համար. «Մենք համոզված ենք, որ ինչ կատարվել է հայերի հետ, Ցեղասպանություն է: Առանց Հայոց ցեղասպանութան մասին իմանալու անհնար է կանխարգելել, պատժել մեկ այլ ցեղասպանություն: Դա է պատճառը, որ մենք շահագրգռված ենք Ցեղասպանության մասին խոսել»:
Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, ըստ, Մաուրո Մարիոնի, անհնար չէ, դա կարող է լինել քայլ առ քայլ:




























