Կամբոջայի ժողովուրդը ունի նույն պատմությունը, ինչ հայերը, պարզապես նրանց նկատմամբ Ցեղասպանությունը կատարվել է 50 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած՝ Կամբոջայի կառավարության ներկայացուցիչ Սուոն Սովան:

«Մենք եւ հայերը ունենք նույն պատմությունը, բայց ձեր Ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, մերը` 50: Մեր Ցեղասպանությունը տեղի է ունեցել 1970-1978 թթ., մեզ նույնպես փորձել են ստիպել մոռանալ մեր արմատները»,- ասաց Սուոն Սովան: 

Կառավարության անդամի խոսքով՝ ֆորումին թե իրենց, թե մյուս պատվիրակությունների ներկայությունը պարտադիր եւ կարեւոր է, քանի որ ցեղասպանությունների կանխարգելման հարցով պետք է անհանգիստ լինի ամբողջ աշխարհը եւ թույլ չտա, որ կրկնվի հայերի հետ կատարվածը:

«Մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը նորից կրկնվի: Ամբողջ աշխարհը պարտավոր է ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել ձեր երկրում անցյալում»,- ասաց նա:

Սուոն Սովան նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին մինչեւ այս քիչ բան գիտեր, բայց ֆորումից հետո ջանք չի խնայի ամբողջ աշխարհին տեղեկացնելու, թե ինչ է կատարվել հայերի հետ:

Նշենք, որ Կամբոջայից Հայաստան է ժամանել 4 հոգանոց պատվիրակություն: