Անհասկանալի է, թե ինչու Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդ, առ այսօր հրաժարվում է 1915թ. սարսափելի իրադարձություններն անվանել ցեղասպանություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր, ԵՄ-Թուրքիա խորհրդարանական կոմիտեի անդամ Ռենատա Զոմմերը:
«Ես ողջունում եմ Եվրախորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձեւը: Սա ուժեղ ազդանշան է Թուրքիային: Մենք հարգում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը: Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա թույլ կտա ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման համար», - նշել է Ռենատա Զոմմերը: Պատգամավորի խոսքով՝ ըստ որոշ կարծիքների, Թուրքիան կարծում է, որ այդ սպանությունների զոհերի սերունդները կարող են փոխհատուցում պահանջել: «Եվ դա, իհարկե, կվիրավորի թուրքական ազգային հպարտությունը: Այդուհանդերձ ես հավատում եմ, որ շնորհիվ մեր հստակ ուղերձի՝ ավելի ու ավելի շատ ազգային խորհրդարաններ կհետեւեն մեր օրինակին եւ կդատապարտեն Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը: Անգամ Գերմանիայի Բունդեսթագը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով մինչեւ օրս խուսափում էր «Ցեղասպանություն» եզրույթի կիրառումից, ներկայումս պատրաստում է բանաձեւ՝ Եվրախորհրդարանի որոշմանը համապատասխան: Շատ կարեւոր է, որպեսզի մենք պահպանենք անցյալի մասին հիշողությունը, քանի որ առանց ճշմարտության եւ հիշողության հաշտեցում չի կարող լինել», - եզրափակել է Ռենատա Զոմմերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:




























