20-րդ դարի առաջին, Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի: Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:
Տարբեր միջոցառումներ են կայանալու աշխարհի բազում քաղաքներում, որտեղ հայեր են ապրում։ Հիմնական միջոցառումը կայանալու է Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Եղեռնի անմեղ զոհերին հարգանքի տուրք են մատուցելու նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, որը գլխավորում է նախագահական պատվիրակությունը, պագամավորներ, կառավարությունների անդամներ, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները կոտորեցին 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:
Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:
Այս տարվա ապրիլին Ավստրիայի խորհրդարանը հայտարարություն տարածեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել։ Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։




























