Ինչպես ամբողջ աշխարհում Թուրքիայի մի շարք քաղաքներում եւս անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք համակարգվում են  մի քանի կազմակերպություններից կազմված «Հայոց ցեղասպանության հիշատակման մայր պլատֆորմի» կողմից։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայում միջոցառումների ցանկը հետեւյալն է.

1.Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի անդամները  Ստամբուլ եկած Եվրոպայի հայկական խորհրդի անդամների հետ միասին Ստամբուլի Բայազետի հրապարակում ժամը 10։00-ին հիշատակման միջոցառում են կազմակերպելու։ Միջոցառմանը հարգելու են 1915-ի հունիսի 15-ին Բայազետի հրապարակում կախաղան հանված Հնչակյան կուսակցության 20 անդամների հիշատակը։

2.Ստամբուլահայերի մի խումբ 10։00-ին կայցելեն Ստամբուլի Էլմադաղի շրջանում գտնվող Կոմիտաս վարդապետի տուն եւ Կոմիտաս վարդապետի եւ նույն տանը ապրած Ավետիս Նաքաշյանի հիշատակին շենքի դիմաց հուշագիր կդնեն։ Նույն խումբը 11։30-ին Բալըքըլը կոչվող գերեզմանատանը 1915-ի զոհերի համար հիշատակի միջոցառում կանցկացնի։

3.Սուլթանհամեդ հրապարակում գտնվող Թուրք եւ իսլամական արվեստի թանգարանի (1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայերին պահել են այս շենքում-խմբ) առաջ 11։00-ին հիշատակի միջոցառում կլինի։  Միջոցառումից հետո անձայն քայլերթ է լինելու դեպի Էմինօնու, որտեղից մասնակիցները նավով կանցնեն դեպի Հայդարփաշայի կայարան։

4.2011-ի ապրիլի 24-ին ծառայության ժամանակ զինակցի կողմից սպանված Սեւակի հիշատակմանարարողությունը տեղի կունենա 15։30-ին, Շիշլիի գերեզմանատանը։

5.«Նոր Զարթոնք» շարժման կոչով հավաքվածները 18։30-ին Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից կշարժվենդ եպի Թաքսիմի հրապարակ։ 19։15-ին Իսթիքլալ պողոտայում  «Հայոց ցեղասպանության հիշատակման մայր պլատֆորմի» կողմից հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունենալու։

6.Ստամբուլի միջոցառումներին զուգահեռ Դիարբեքիրում Կոմիտաս ինստիտուտի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի, Դիարբեքիրի փաստաբանների պալատի եւ «Զան» հիմնադրամի մասնակցությամբ 12։00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակների մոտ 1915-ի հայ զոհերի հիշատակի միջոցառում են իրականացնելու։  Դիարբեքիրի եւ Սուրի քաղաքապետարանների աջակցությամբ միջոցառմանը ակտիվ մասնակցություն է լինելու, որի ժամանակ հայտարարություններով հանդես կգան հայ, քուրդ եւ ասորի գործիչներ։

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների հետ զուգահեռ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի անդամները հերթով այցելելու են Բիթլիս, Մոտկան, Սասուն, Վան, Մուշ եւ Դիարբեքիր, կազմակերպելու են հանդիպումներ եւ կոնֆերանսներ։