Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝  Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք ծաղկեպսակ դրեցին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Նախագահի շքախմբին ուղեկցում են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու կառավարության անդամներ։

Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը կանգնած են հուշահամալիրի մոտ, նրանց հերթով մոտենում են Հայաստանում հավատամագրված դիվանագետներ, սեղմում ՀՀ նախագահի ձեռքը  եւ իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք մոտենում են պատվո պահակ կանգնած զինվորներին եւ իրենց ձեռքին եղած դեղին վարդն ավելացնում ծաղկեպսակի վրա:

Այնստեղ են դպրոցականների մի խումբ, որոնց ձեռքին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներն են:

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները կոտորեցին 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

Այս տարվա ապրիլին Ավստրիայի խորհրդարանը հայտարարություն տարածեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել։ Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։