«Վոյաժ» տաքսի ծառայությունը գործում է առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից: ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել են նաեւ, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սամվել-Աշոտ» ՍՊԸ-ն դեռեւս 2009թ.-ի հունվարին էր հայտարարություն ներկայացրել հարկային մարմիններին` իրենց պատկանող «Վոյաժ» տաքսի ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Այնինչ շատ կարճ ժամանակ անց` նույն տարվա փետրվարի 1-ից առ այսօր տաքսի ծառայությունը «Վոյաժ» անվան տակ տարբեր ժամանակահատվածներում շահագործել է «Գազ-31» մակնիշի ավտոմեքենաներ եւ այդ մասին հարկային մարմիններին ելակետային տվյալների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի ներկայացրել:
Գործի առնչությամբ սկսվել է վարչական վարույթ: