ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան հրավիրված չէ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպմանը, ի տարբերություն դեսպանների մյուս բոլոր թեկնածուների: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Հանձնաժողովի պաշտոնական կայքին, գրում են, որ օգոստոսի 3-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատոր Քերիի նախագահությամբ տեղի կունենա գործնական հանդիպում տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ:
Ցուցակում, որը բաղկացած է 25 թեկնածուներից, բացակայում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի անունը: Ինչ վերաբերում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիկարդոնեին, ապա նա կմասնակցի հանդիպմանը:
Նշենք, որ Մեթյու Բրայզան սուր քննադատությունների է ենթարկվել հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, ովքեր նրան մեղադրում են մասնագիտական անհամապատասխանության եւ ոչ օբյեկտիվ լինելու մեջ:Նշենք, որ դեսպանի թեկնածուի կինը ազգությամբ թուրք Զեյնո Բարանն է:




























