ՀՀ կառավարությունն իր հուլիսի 29-ի նիստում հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը»: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել եւ ՀՀ ներկրել աշնանացան ցորենի երկրում չգրանցված մի շարք սորտերի եւ գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու։

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ եւ Հայաստանում էլիտային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության եւ գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հիմնախնդրին քաջածանոթ են նաեւ մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։ Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի: