Newsweek-ը մանրամասն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մասին: Քլինթոնը, ով նախկինում նախագահի մյուս թեկնածուների հետ մրցակցում էր ճանաչման պահանջների պաշտպանության հարցում, ԱՄՆ պետքարտուղար դառնալուց հետո ամբողջությամբ փոխեց դիրքորոշումը՝ հայտարարելով այդ բառի օգտագործման վտանգների մասին: Հոդվածում նշվում է.
«Երբ Հիլարի Քլինթոնը 2008 թվականին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի սպանությունների մասին նրա դիրքորոշումը պարզ էր: Այնքան պարզ, որ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ինքն իրեն գովաբանելու առիթը բաց չթողնելով. «Նախագահի թեկնածուներից միայն ես եմ, որ երկար ժամանակ պաշտպանել եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»:
«Կարծում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված սարսափելի իրադարձությունները ցեղասպանության վառ օրինակ են»,- 2008 թվականին գրել է նա:
Սակայն, դառնալով պետքարտուղար, Քլինթոնը փոխեց արտահայտությունները՝ դադարելով օգտագործել ցեղասպանություն բառը: Նրան հարկավոր էր քծնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիային մի քանի հարցերում՝ Իրաքում պատերազմից մինչեւ թմրանյութերի դեմ պայքար եւ Պուտինի դեմ հակազդեցություն: Իսկ թուրքերին ոչինչ այնքան չի նյարդայնացնում, որքան «ցեղասպանություն» բառը 1915-17 թ.թ. իրադարձությունների առնչությամբ: Այդ պատճառով Օբամայի վարչակազմում բոլորը, անգամ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, ով Պուլիցերյան մրցանակ է ստացել ցեղասպանության մասին «Խնդիր դժոխքից» գրքի մասին, նյարդայնանում են «Ց» տառով բառի օգտագործումից:
Պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնն այդ բառից խուսափել է մի քանի շատ կարեւոր պահերի: 2010 թվականի հուլիսին՝ Ուկրաինա, Լեհաստան եւ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում, նա Երեւանում այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Հայերի համար դա խորհրդանշական էր, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ոչ պաշտոնական ճանաչում:
Սակայն դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց՝ այդ այցը կոչելով «մասնավոր, 1915 թվականին կյանքից զրկված 1.5 մլն հայերի հիշատակին հարգանքի տուրք»:
2012 թվականի հունվարի 26-ին Պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նրանցից մեկը Քլինթոնին հարց տվեց Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան՝ Քլինթոնը հավատարիմ մնաց Օբամայի քաղաքականությանը: «Նա նույնիսկ չճանաչումից այն կողմ է անցել»,- Newsweek-ին հայտարարեց Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրենը: Քլինթոնն այդ իրադարձությունները պատմական վեճ է անվանել՝ հայտարարելով, որ ցեղասպանություն բառը շատ վտանգավոր դուռ է բացում:
Հիմա արդեն Քլինթոնը նորից պատրաստ է օգտագործել այդ բառը: «Նախկինում Հիլարի Քլինթոնը բազմիցս անձնական տեսակետ է հայտնել, որ դա ցեղասպանություն էր: Նա նաեւ բավական ջանքեր է գործադրել Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման համար, իսկ որպես պետքարտուղար՝ նա անձամբ է աշխատել այդ նպատակին հասնելու համար»,- Newsweek-ին ասել է Քլինթոնի օգնականը:
ԱՄՆ նախագահների մի մասն օգտագործել է «ցեղասպանություն» բառը, մյուսները՝ խուսափել: 1978 թվականին նախկին նախագահ Ջեյմս Քարթերը հայերի կոտորածը գրեթե ցեղասպանություն կոչեց՝ «ամբողջ հայ ժողովրդին ծրագրված կերպով ոչնչացնելու ջանքեր, որը, հնարավոր է, մարդկանց որեւէ խմբի ամենամեծ ողբերգություններից էր»:
1981 թվականին Ռոնալդ Ռեյգանն ավելի բաց գտնվեց. «Ինչպես նախկինում Հայոց ցեղասպանությունը եւ հետագայում՝ Կամբոջայինը, եւ այլ ժողովուրդների հետապնդումները, Հոլոքոստի դասերը չպետք է մոռանալ»:





























