Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ցանկացած ցեղասպանություն, աշխարհում որտեղ էլ այն տեղի ունենա: Այս մասին ասվախ է լորդ Արա Դարզիի՝ Huffington Post-ում հրապարակված հոդվածում: Իրաքյան հայերի ոչ հարուստ ընտանիքում ծնված Դարզին նվազագույն ինվազիվ վիրաբուժության՝ աշխարհի լավագույն մասնագետներից է: Ներկայում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ է, ազգությամբ հայ առաջին բրիտանական պատգամավորը: Նրա հոդվածում նշվում է.
«Որպես բրիտանական խորհրդարանում առաջին հայ՝ ես մտահոգված եմ, որ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն՝ դաշնային մակարդակով, դեռեւս հերքում է Հայոց ցեղասպանությունը՝ վախենալով նեղացնել ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային:
Իմ նախապապն ու նրա որդիները 1915 թվականին մահապատժի են ենթարկվել օսմանյան զինված ուժերի կողմից: Նրա փոքրիկ դուստրը՝ իմ տատը, փրկվել է միայն այն պատճաով, որ մեռած է ձեւացել: Իր մոր հետ նա շաբաթներով քայլելով Էրզրումից հասել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ:
Հայրս ծնվել է Մոսուլում: Քույրս եւ ես ծնվել ենք Բաղդադում եւ որպես փախստական ենք ապրել: Ես երբեք Հայաստանում չեմ ապրել, բայց մեծացել եմ ինձ հայ զգալով: Տանը ես հայերեն եմ խոսել եւ մինչեւ հիմա ծնողներիս եւ քրոջս հետ հայերեն եմ խոսում:
Թուրքիայի մասին մենք մտածում էինք նույնը, ինչ բրիտանացիները՝ Գերմանիայի մասին, Երկրորդ աշխարհամարտից հետո: Բայց ժամանակի ընթացքում ես իմացա նաեւ, թե որքան թուրքեր են հայերի կյանքը փրկել:
Իմ ընտանիքում ալֆան եւ օմեգան կրթությունն էր, կյանքում ինչ-որ բանի հասնելու միակ միջոցը:
Վերջին 15 տարիներին ես բազմիցս եղել եմ Երեւանում՝ վիրահատության նպատակով, դասընթացներ եմ անցկացրել բժիշկների համար, հայ բժիշկների՝ Բրիտանիա ճանաչողական այցեր եմ կազմակերպել:
Երբեք չի կարելի մոռանալ անցյալի մասին: Ցեղասպանությունը վերաբերում է ամբողջ մարդկությանը: Մենք ականատես ենք եղել Ռուանդայում եւ Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությանը, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում քրիստոնեական համայնքների հետ: Այդ պատճառով երջանիկ էի միանալ Ռուբեն Վարդանյանին եւ Նուբար Աֆեյանին, որոնք մարտին «100 կյանք» նախաձեռնությունը սկսեցին:
Բայց մենք չպետք է միայն անցյալով ապրենք: Մենք հարուստ ենք Հայաստանից դուրս գտնվող տաղանդներով, այդ թվում՝ Թուրքիայում: Այդ տարածաշրջանի առջեւ լուրջ խնդիրներ են ծառացել: Եթե աշխարհը ցանկանում է պայքարել դրանց դեմ, հարկավոր է Հայոց ցեղասպանության եւ աշխարհի ցանկացած վայրում իրականացված ցեղասպանության գլոբալ ճանաչում»:




























