Գերմանիայի արտգործնախարարը շրջանցում է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտությունը եւ խուսափում է ցեղասպանություն եզրն օգտագործելուց։ Դա բավականին վատ է. դրա կողքին հոլոքոստից խոսելը նրա կողմից բավական հանդուգն է հնչում։ Նման կարծիք է հայտնել Sueddeutsche Zeitung գերմանական թերթի հոդվածագիր Ռոբերտ Ռոսմանը՝ իր հոդվածում անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիրքորոշմանը։
«Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ըստ էության, պարզ արտահայտությունների սիրահար չէ։ Սոցիալ դեմոկրատների ներկայացուցիչը սիրում է մանեւրել։ Դա հատկապես վատ է, երբ նա արտահայտվում է որպես արտգործնախարար, ինչը առաջին հերթին երեւաց Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ։
Արդեն վատ է, որ Շտայնմայերը ցանկանում էր խոչընդոտել Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Նրա խոսքով՝ ցեղասպանությունը ցեղասպանություն անունով կոչելը կվնասի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Ի հակադրություն մյուսների՝ «նրա համար կարեւոր է այն հանգամանքը, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ մերձեցման գործընթացը անհնարին չդառնա»։ Ճոռոմ խոսքերով եւ սեփական դերը գերագնահատելով նման հայտարարություն էր արել Շտայմայերը»,- շարունակում է հոդվածագիրը։
«Բարեբախտաբար արտգործնախարարի այս դիրքորոշումը հաջողությամբ չպսակվեց,- գրում է հեղինակը,- սակայն սեփական պարտությունն ընդունելու փոխարեն Շտայնմայերը հարցին, թե ինչու նա չի օգտագործում ցեղասպանություն եզրը, պատասխանում է մի այնպիսի նախադասությամբ, որն այնքան անհարիր է արտգործնախարարի համար, որ ստիպված ես լինում պարզապես բառացիորեն ամբողջովին մեջբերել. «Մենք Գերմանիայում պետք է ուշադիր լինենք, որպեսզի մեր արարքներով ի վերջո իրավունք չտանք իրենց քաղաքական օրակարգի հանձնարարությունները կատարողներին հայտարարել, թե Հոլոքոստը իրականում 1933թ. է սկսվել: Եվ նվազեցնենք Հոլոքոստի նշանակությունը»։ Նրա այս խոսքը թարգմանաբար սա նշանակում է ոչ այլ ոչ այն, քան, որ Հռոմի Պապը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը եւ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը Հոլոքոսի դերը նվազեցնելու նպատակ հետապնդող խաղեր են խաղում։
Շտայնմայերը պարզապես անտեսում է Գաուկի եւ Բունդեսթագի հայտարարությունները։ Սա նրա համար շատ հանդուգն քայլ է։ Նախագահն ու խորհրդարանը ոչ միայն բացեիբաց խոսում են ցեղասպանության մասին, այլ նշում են Հոլոքոստի բացառիկությունը։
Պատմությանը նետած հայացքը բավական է ապացուցելու, թե որքան աբսուրդ են Շտայնմայերի փաստարկները։ Ադոլֆ Հիտլերը 1939թ. Լեհաստան մտնելուց օրեր առաջ, հրաման տալով ոչնչացնել հրեա կանանց, տղամարդկանց եւ երեխաներին, հայտարարել էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջումների մասին»։
Այսինքն՝ երբ մենք խոսում ենք Հոլոքոստի մասին, պետք է խոսենք նաեւ Հայոց ցեղասպանության մասին։ Հիանալի կլիներ, երբ մի օր դա հասկանար նաեւ Շտայնմայերը»,- եզրափակել է թերթը։





























