Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն  Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր  է հղել: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին:

Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում եւ համերգասրահներում, այլեւ կինոյում, մանկավարժության բնագավառում:

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին եւ գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը: Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: