Հուլիսի 28-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 1 շենքի թիվ 35 բնակարանում ոմն Վահրամ թմրամիջոց է պատրաստում եւ պահում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը` ժամը 18.20-ին, նշված բնակարանից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Վանաձորի բաժին բերման են ենթարկվել 41-ամյա Վահրամ Հ.-ն եւ 36-ամյա Լաերտ Պ.-ն, իսկ բնակարանի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սեդալգին Նեո» տեսակի 9 դատարկ դեղահաբի 10 հատանոց տուփ, 30 մլ տարողության յոդի ապակե 3 տարա, 5 մլ տարողության մեկանգամյա օգտագործման 3 ներարկիչ, դատարկ լուցկու տուփեր եւ հատիկներ, 1 լ տարողության մետաղյա տարա` թմրանյութի նմանվող սպիտակ փոշիով, 1 լ տարողության կապրոնե 2 տարա` դեղնավուն հեղուկով, 50 մլ տարողության 1 ապակե տարա` «բժշկական սպիրտ» պիտակով, կապրոնե 8 շիշ` սպիտակավուն զանգվածով:
Պարզվել է, որ Վահրամ Հ.-ն թմրանյութը պատրաստել է ինքն իրեն ներարկելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























