Նիգերիայի զինվորականները ազատել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման կողմից գերեվարված մոտ 300 կանանց ու աղջիկների: Նրանցից 93-ը հասուն կանայք են, մյուսները դեռահաս աղջիկներ ու երեխաներ:
Գերուհիների ազատագրման գործողությունը տեղի է ունեցել Սամբիսա անտառում, որը վերահսկում են «Բոկո Հարամի» գրոհայինները: Ազատ արձակվածների ինքնությունը ճշտվում է, հաղորդում է «Մեդուզան»:
«Ալ Ջազիրայի» տվյալներով, Նիգերիայի իշխանությունները չեն բացառում, որ ազատագրված աղջիկների մեջ են նաեւ մեկ տարի առաջ Չիբոկայում առեւանգված դրպոցականները: Միաժամանակ Reuters-ը՝ վկայակոչելով Նիգերիայի զինված ուժերի ներկայացուցչին, պնդում է, որ մեկ տարի առաջ առեւանգված աղջիկները չեն հայտնաբերվել:
Նշենք, որ 2014-ի ապրիլին «Բոկո Հարամի» գրոհայինները Չիբոկայում առեւանգել էին 276 դպրացական աղջիկների, հիմնականում քրիստոնյա ընտանիքներից: Նրանց մի մասին հաջողվել էր փախչել, մնացած 219 աշակերտուհիների գտնվելու վայրն անհայտ է:



























