Արդարադատության եւ կրթության ու գիտության նախարարները հերքում են իրենց դեսպան նշանակվելու մասին լուրերը: Լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկությունների վերաբերյալ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասա հետեւյալը. «Անկեղծ ասած դատարկ եւ անհիմն խոսակցություններ են: Չէի ցանկանա թեմային անդրադառնալ, բայց քանի որ նման հրապարակումներին հետեւում են մեր լրագրողների տասնյակ հարցումներ՝ ճի՞շտ է արդյոք լուրը թե ոչ, որոշեցի թեման փակել: Բազմիցս ասել եմ, որ բամբասանքներ կամ ասեկոսեներ չեմ մեկնաբանում: Փառք աստծո, եւ դրանք տարածողներն են շատ, եւ մեկնաբանողները, երբեմն տարածողներն իրենք էլ մեկնաբանում են ...: Այնպես որ, այս հարցում համենայնդեպս մեր լրատվամիջոցները նյութի պակաս երբեք չունեն: Ընդամենը մեկ բան կավելացնեմ. ես միշտ այնտեղ եմ, որտեղ օգտակար եմ մեր երկրին»:

Մեկնաբանության համար դիմեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նրա մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. նախարարը եւ նախարարությունը նախապատրաստվում են Երեւանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների: Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան: Այստեղ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, եւ նրա մահից հետո այդ պաշտոնը մինչ օրս թափուր է: Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսում են, ՀՅԴ ներկայացուցչին ԿԳ նախարար նշանակելն է, այս առումով շոշափվում է բազմակի չեմպիոն Լեւոն Մկրտչյանի անունը: Ճամպրուկային տրամադրություններ են նաեւ արդարադատության նախարարությունում, ըստ այդ լուրերի Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, իբրեւ բացառիկ ու անգնահատելի դիվանագետի, հիմա էլ ուզում են որպես դեսպան ինչ-որ եվրոպական երկիր ուղարկել: