Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանում հայ պատգամավորի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը քաղաքական ուժերի միջեւ քննարկումների առիթ է տվել։
Ինչպես տեղեկացնում է Քուրդիստանի Rudaw կայքը, Քուրդիստանի խորհրդարանի հայ պատգամավոր Երվանդ Նիսանը հայտնել է, որ իր ներկայացրած օրինագծի համար խորհրդարանի բոլոր կուսակցություններից ստորագրություն է հավաքել։
Խորհրդարանի «Քուրդիստանի հայրենասերների միությունը» (KYB) բացահայտ աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, սակայն «Քուրդիստանի դեմոկրատական» կուսակցություն (KDP) եւ «Բարեփոխումների շարժում» (Goran) պլատֆորմը գերադասել է լռել։ KYB-պատգամավորներից Ռեւաս Ֆայիքը նշել է, որ ինքը ստորագրել է օրինագծի անցկացման համար եւ այն ընդունելը սովորական բան է լինելու։
Օրինագծի անցկացման համար ստորագրել են նաեւ KDP-ի մի շարք պատգամավորներ։
KDP-ի անդամ Մուհամեդ Ամիր Դերշեվին էլ նշել է, որ բոլորն էլ գիտեն, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է եղել եւ շեշտել, որ Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանը պետք է նախաձեռնող լինի։
Նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ պատգամավորի ներկայացրած օրինագիծը 40 ստորագրություններով հանձնվել է խորհրդարանի նախագահությանը։





























