Ռուսական կողմի հետ գազի գնի վրա արժույթի տատանումների ազդեցության չեզոքացման շուրջ բանակցություններ տարվել են եւ նախկինում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի համար սահմանին գազի գնի իջեցման մասին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի արած հայտարարությունը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՀԾԿՀ-ն  բարձրացնել վերջնական սպառողների համար սակագնի վերանայման հարցը, թե՞ դրա համար անհրաժեշտ է «Գազպրոմ Արմենիայի» հայտը, Բաղրամյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կախված է բանակցությունների բովանդակությունից։  «Ըստ դրանց արդյունքի՝ պարզ կդառնա, կլինի՞ հայտ կամ ինչպե՞ս կընթանա գործընթացը։ Դժվարանում եմ ասել, թե երբ մենք կստանանք բանակցությունների արդյունքների փաստաթղթերը։ Սակայն դա չի նշանակում, որ այդ հայտարարությանը ոչինչ չի նախորդել։ Ավելի վաղ, եթե հիշում եք, մեկ անգամ չէ, որ խոսվել է բանակցություններից, որոնք տարվում են փոխարժեքի տատանումներից գազի սակագինը անփոփոխ պահելու նպատակով»,- պարզաբանեց Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»   ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար 189  դոլարից կիջեցվի մինչեւ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։