Այս պահին Թուրքիան պարտություն է կրել քարոզչական պայքարում։ Այս մասին ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի՝ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին համաշխարհային արձագանքը գերազանցեց սպասելիքները. Դրան նպաստեցին բազմաթիվ իմպուլսներ, օրինակ, Հռոմի Պապի ելույթը եւ Թուրքիայի ոչ ադեկվատ արձագանքը։ «Իհարկե այնտեղ նույնպես ներկա էին նախագահներ, սակայն ակնհայտ է, որ միջազգային հանրության արձագանքը այնպիսին չէր, ինչպիսին որ թուրքերը սպասում էին»,- ընդգծեց Մանոյանը։
Նա հավելեց, որ այս տարի պլանավորվում են փոխհատուցման խնդիրներին վերաբերող գործընթացներ։ «Առաջինը ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործընթացն է, որի հարցում որոշումը կայացվելու է աշնանը։ Երկրորդ գործընթացը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի դիմումն է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքը»,- հիշեցրեց Մանոյանը։
Նա նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը փաստաթղթերի իրավական փաթեթ է պատրաստում։ «Սեպտեմբերին կկայանա Պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, եւ ես վստահ եմ, որ կներկայացվի փաստաթղթերի եւ իրավական պահանջների փաթեթի զեկույցը»,- եզրափակեց ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը։





























