Գերմանիան այն երկիրը չէ, որը կենթարկվի թուրքական ճնշմանը եւ սպառնալիքներին։ Այս մասին ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի՝ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա հիշեցրեց, որ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը արդեն շատ բան է արել. նա հայտարարել է, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն է։ «Մնացածի մասին, այսինքն՝ Ցեղասպանության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության մասին ասված է 2005թ. Բունդեսթագի բանաձեւում։ Կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է Գերմանիայում, արվում է նրա համար, որ ներկայիս բանաձեւը անվիճելի լինի»,- ընդգծեց Մանոյանը՝ մատնանշելով, որ Գերմանիայի խորհրդարանում բոլոր կուսակցությունները նշեցին, որ կատարվածը պետք է բնորոշել իբրեւ ցեղասպանություն։
«Կարծում եմ, որ նրանք ցանկանում են այնպես անել, որ այս անգամ գործընթացը լինի անխոցելի եւ անվիճելի։ Գերմանիայում հիմա այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ մեկ քայլ հետ անելն անհնար է։ Բոլոր կուսակցությունները կողմ են բանաձեւին, Բողոքական եկեղեցին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, հրեական համայնքը նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ արեց, Կանաչների ազգությամբ թուրք նախագահը նույնպես կողմ է ճանաչմանը»,- նշեց Մանոյանը։
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներին, բացառությամբ Ռուսաստանի, որը ճանաչել է Ցեղասպանությունը, Կիրո Մանոյանն ասաց. «Թող իհարկե բելառուսցիները չնեղանան, բայց Բելառուսը այն երկիրը չէ, որի դիրքորոշումը այս հարցում մեզ կամ ողջ աշխարհի համար կարեւոր է։ Ես կարծում եմ, որ Բելառուսի նախագահի դիրքորոշումը այս հարցում չի համապատասխանում բելառուս ժողովրդի ցանկություններին եւ սպասումներին»։





























